ԳԵՂՋԿԱԿԱՆ ԾԱՆԾԱՂԱՄՏՈՒԹՅԱՆ «ՀՄԱՅՔՆԵՐԸ»
Պարզվում է՝ խոր մոլորություն է այն ընկալումը, թե ջեբկիրությունն անհատական տնտեսական գործունեության տեսակ է։ Բավ է լինել դրա արհեստավարժը, ու կարող ես «հմտություններիդ» խորխորատը քաշել նաև մի ամբողջ կառույց։
Կոնկրետանա՞նք։ Խնդրեմ։
Հայաստանի ազգային կինոկենտրոնի (ՀԱԿ) ֆեյսբուքյան էջում կարդում ենք. «Ինչպես հայտնում է Марс Медиа-ն՝ «Սուսերով պար» և «Երկրաշարժ» ֆիլմերը, որոնք ֆինանսական աջակցություն են ստացել Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից, չորս ֆիլմերի հետ միասին գնվել են Լատինական Ամերիկայում ցուցադրությունների համար»։
Մի կողմ թողնելով, որ բրազիլական դիստրիբյուտորի ու Encripta վիդեոհարթակի կողմից ԾՈՐր ԾպՊՌՈ-ի թողարկածի մեջ Հայաստանի մասնակցությունն իր կինոկենտրոնով գրեթե զրոյական է, հատկապես «Սուսերով պարի» դեպքում, անցնենք բուն դիտարկումներին, որոնցում այդ նույն կառույցի մասնակցությունը ո՛չ միայն զրոյական չէ, այլև մեջը մեկը մյուսից զարմանահրաշ, գունագեղ պատմություններ ունի, որոնց վերհանումն ու օրենքի դիտանկյունից ընթերցումը մեր իրավապահներից արհեստավարժության լրջագույն քննություն են պահանջում։
Վերը բերված հրապարակումով «միամիտ» հմտությամբ խառնելով ժամանակային չափումներն ու անտեղյակներին ապակողնորոշելով՝ միրզախանյանական կինոկենտրոնը փորձում է հավատացնել, թե այնքան էլ պետության վզին նստած կառույց չէ, թե իբր իր աջակցությամբ ստեղծված ֆիլմերն այնքա՜ն լավն են, որ մրցունակ են միջազգային հարթակում, գնման ենթակա ապրանք են։ Սակայն, այսքանն անուղղակի ասելով, այդուհանդերձ չի՛ համարձակվում այնքա՜ն առաջ գնալ, որ նաև հավելի, թե դրանք փող են աշխատում, փող են բերում՝ փոխհատուցելով իրականացված ծախսերը։ Չի՛ համարձակվում, քանզի այս դեպքում մեջտեղ կգան իրավապահ մարմինների կողմից տրվելիք անցանկալի բազում հարցեր, որոնց առնչությամբ առարկայական մեծաթիվ դիտարկումներ են արված ՀՀ հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությունում։ ՈՒ քանի որ չափից ավելի «խելոքությունից» փորձված աղվեսը երկու ոտքով է թակարդն ընկնում, էժանագին դիվիդենդների հրապույրին տրված կինոկենտրոնն իր գլխին կանգնածի գեղջկական ծանծաղամտությամբ վրիպում է էականում՝ ակամա ցուցանելով հանցավոր մասնակցության լրացուցիչ փաստեր մի իրողության, որն իր ամբողջության ու ծավալայնության մեջ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում է՝ հարակից բացվող ու դեռ բացվելիք այլ դրվագներով։
«ԵՐԿՐԱՇԱՐԺՆ» ՈՒ «ՍՈՒՍԵՐՈՎ ՊԱՐԸ»
Ինչպես լուսանկարում եղած հավաստումներից տեսնում ենք, «Երկրաշարժը».
-կինոկենտրոնի նախկին տնօրենության օրոք նկարահանված, 2016 թ. արտադրության ֆիլմ է,
-արտադրող երկրներ են Հայաստանն ու Ռուսաստանը,
-համաշխարհային ցուցադրումից ունեցել է ավելի քան 3 միլիոն 910 հազար, ռուսաստանյանից՝ մոտ 3 միլիոն 630 հազար դոլարի եկամուտ։
Չմոռանալով «Երկրաշարժ» կինոնկարին ընդամենը 8 միլիոն դրամով մասնակցության փաստը, Հայաստանը «Սուսերով պարին» մասնակցել է արդեն... շուրջ 100 միլիոն դրամով ու դրա դիմաց տեսնում ենք հետևյալ հղումները՝
-արտադրող երկիր՝ Ռուսաստան,
-արտադրության թիվ՝ 2018 (ասել է՝ շմիրզախանյանական ժամանակներ),
-համաշխարհային ցուցադրումից 21011, ռուսականից՝ 22 հազար դոլար եկամուտ։
Հիմա, խնդրում եմ, չզլանալ ու համեմատել այս ֆիլմերի վրա հայաստանյան կողմի ծախսերը՝ «Երկրաշարժ»՝ 8 միլիոն դրամ, «Սուսերով պարը»՝ 100 միլիոն դրամ, դրանց հետ բերած կամ աշխատած փողերը՝ համապատասխանաբար 7 միլիոն 540 հազար դոլար ու... 43 հազար 011 դոլար (հանկարծ միամտորեն չմտածեք, թե դրանք հայաստանյան բյուջե են մտել) և վերջապես փորձել հասկանալ, թե ի՛նչ «փայլուն» դերակատարությամբ է կինոկենտրոնի գլխին հայտնվել Շ. Միրզախանյանը, ով օրենքների կոպտագույն խախտումով արդեն 3,5 տարի կառույցի գլխին է ժ/պ-ի կարգավիճակով, ու վերադասի բնավ պետքն էլ չէ օրենքների ոտնահարումը։
«Սուսերով պարը» կինոնկարի և հարակից այլ դրվագներով մյուս փաստերի մասին մենք ամենայն մանրամասնությամբ չենք խոսի, քանի որ դրանց վերաբերմամբ եղել են մեր մի քանի ծավալուն հրապարակումները, որոնց հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի վարույթում գործ կա հարուցված, սակայն չէինք էլ ուզենա այս հավելյալ հիշատակումը չանել, քանզի այն նույնքան հավելյալ անգամ հուշում է «Սուսերով պարը» ֆիլմով շմիրզախանյանական կինոկենտրոնի արած մանիպուլյացիաների մասին։
ՀԸ՞, ՀԱՐՑԵՐ ԿԱ՞Ն
Ի հավելումն եղած վկայումների, որ բացի 100 միլիոն դրամ տրամադրելուց ու հավանաբար դրա տակ թաքնված ստվերային գործողություներից զատ ՀԱԿ-ը «Սուսերով պարը» ֆիլմի հետ այլ առնչություն չունի։ Սույնը հավաստում է և kinobusiness.com-ի 07.05. 2018 թվագրությամբ հրապարակումը. «Ռեժիսոր Յուսուպ Ռազիկովը Հայաստանում ավարտեց «Սուսերով պարը» կինոնկարի նկարահանումները... Ռուսաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ կինոնկարի պրոդյուսերությունն անում է Ռուբեն Դիշդիշյանի «Մարս մեդիա» կինոընկերությունը»։
Հը՞։ Հարցեր կա՞ն։ Որպես ֆիլմի արտադրությանը մասնակցած կողմ, այստեղ Հայաստանի ու նրա կինոկենտրոնի մասին տեսնում ե՞ք որևէ հիշատակում։ Հիմա շատ սխալված կլինե՞մ, եթե շուռ գամ ու հարցնեմ. «Ի դեմս Հայաստանի ազգային կինոկենտրոնի, «Սուսերով պարը» ֆիլմին 100 միլիոն դրամ որպես ի՞նչ էիր տրամադրում, կինոկենտրոնի այ ոչ ու բարով տնօրենի ժ/պ Միրզախանենց Շուշո, նշանիդ օժիտի գումա՞րն էիր ամբողջացում»։ Շա՞տ սխալված կլինեմ, եթե շուռ գամ ու ՀՀ հպարտ քաղաքացու անառողջ հետաքրքրվածությամբ փորձեմ իրազեկվել. ««Սուսերով պարը» կինոնկարի պատմության մութ կողմերը քննելու, վեր հանելու համար դեռ ինչքա՞ն ժամանակ է անհրաժեշտ ՀՀ իրավապահ մարմիններին, երբ ՀՀ վերաքննիչ պալատի բերանով գործի առյուծի բաժինը ծամած, դեմներդ դրած է նաև «Սուսերով պարին» հաջորդած հավելյալ բաղադրիչներով»։
Սակայն սույնով մեր բուն խնդիրը կինոկենտրոնում առկա ֆինանսական քյալլագյոզությունները վերհանե՛լը չէ միայն, որոնք, ի դեպ, միայն մեր հուշումներով չեն ամբողջանում։ Շմիրզախանյան կինոկոմբինատորի մեքենայությունները դիտարկած այլ կառույցներ էլ կան. մեկը Հաշվեքննիչ պալատն է փաստերի իր արձանագրումով ու ՀՀ ԿԳՄՍ նախարարություն իրազեկումով։ Ի դեպ, պալատի այդ բացահայտումներից վերջինիս սարսափն այնքա՜ն մեծ է եղել, որ, մոռացած իր հովանավորյալին, փութացել է խայտառակ բացահայտումներից տրաքող փաթեթը ժամ առաջ հանձնել ՀՀ գլխավոր դատախազությանը։ Մյուս կառույցը ՝իլմարտադրողների համահայկական ֆեդերացիան է կինոկենտրոնի ու ԿԳՄՍ նախարարության կայքերում տեղադրված փաստերի հիման վրա իրականացրած մոնիտորինգի արդյունքներով, որոնցով հավաստվում-վկայվում է, որ շմիրզախանյանական տիրապետության տարիներին հայ կինոյում փոշիացվել է ավելի քան մեկ միլիարդ 200 միլիոն դրամ։
Սակայն եթե կուզեք շատ ավելի անկեղծություն, մեր մտահոգություներն անգամ ֆինանսական այս այլանդակություններն էլ չեն, որոնց ջրվելու հետ հույսեր է կապում կինոկենտրոնի տնօրենի ժ/պ-ն՝ ունենալով ժամանակի մեջ գործը «քնեցնելու» ակնկալիք, ինչի հաճույքը, բնականաբար մենք նրան չենք ընձեռի՝ ելնելով այդ նույն հայ կինոյի շահերից։ Շ. Միրզախանյանը հայ կինոյի ու իրականության համար անհամեմատ սարսափելի երևույթ է ա՛յլ, ավելի առանցքային առումով, որի ուղղակի ու անուղղակի արդյունքները, որպես երկիր, պետություն, ազգ, լիուլի խփշտեցինք դավաճանական ձեռքով մեզ պարտադրված այս 44-օրյա աղետալի պատերազմում։
«ՄԵԼԻՑ» «ՉՆՉԻԿ» ՀՈԳԵԳԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ճակատագրի հեգնանքո՞վ, թե՞ դրա լավ էլ հատու դիտավորությամբ Շ. Միրզախանյանի՛ օրոք մեզանում կյանք տրվեց «Մել» կինոնկարին։ Սեռափոխ մարզիկի կյանքի կինովավերացումը, որ իրականում այլասերվածության բացահայտ քարոզ էր, այդ կեղտոտ խաղի մեջ հայ կինոյի լկտի ներքաշում, հանրության բարձրացրած ընդվզման տակ հրամցվեց որպես երբեմնի ծանրորդի մարզական հաջողությունները ներկայացնելու փորձ, մինչև որ այն իր պաշտպանության տակ առավ վարչապետ կարգված Նիկոլ Փաշինյանը, ով խնդիրը զգայական հարթություն տանելով ու որպես անհատի ողբերգություն ներկայացնելով, փաստորեն ոչ միայն իր հովանու տակ վերցրեց իշխանության մակարդակով սերմանվող այլասերվածությունը, այլև մարտահրավերի տեսքով հայտարարեց, որ հպարտ է ֆիլմի նկարահանմանը կանաչ լույս ցուցանած նախարարության որոշումով։
Հայրենիքը 44-օրյա պատերազմական ավանտյուրայի մեջ ներքաշածը հարկավ ուրիշ բաներով էլ կարող է «հպարտ» լինել, սակայն նկատենք, որ ամեն ինչի վրա ազդելու լծակները ձեռքի տակ ունենալով հանդերձ չզորեց գեթ մեկ հեռուստաընկերության պարտադրել կամ համոզել «Մելը» ցուցադրելու համարձակությունը ստանձել։ Ավելին, ոչ մի հ/ը չունեցավ կինոկենտրոնի տնօրենի ժ/պ-ի մտքի «խորությունն» ու «բարոյականությունը», որ համարձակվեր բացահայտ այլասերում քարոզող ֆիլմը դիտարկել որպես պարզապես մարզական հաջողությունների անդրադարձ։
Այստեղ թերևս ավելորդ չհամարենք նկատել, որ ազգային, բարոյական արժեհամակարգ, հոգևոր նկարագիր քայքայող «Մել» կինոնկարին առանց վարանելու 20 միլիոն դրամ հատկացրած կինոյի Շուշոն, ով ոչինչ հենց այնպես չի տալիս ու անում (այս մասնավորեցումը հատուկ իրավապահ մարմինների համար է արվում) իր ձեռնասուն փորձագետների ուժերով արգելափակեց 20 հոգու կյանք փրկած, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն, իրապես ազգային հերոս Շավարշ Կարապետյանի մասին ֆիլմի հայտը՝ ամենայն հավանականությամբ չհանդուրժելով, որ լեգենդար սուզալողորդը սեռական առողջ կյանքի ջատագով է ու դրանով արդեն իսկ ոչ միայն անհետաքրքիր, այլև հասարակության համար վտանգավոր անձ։
Շարունակենք։ Տեսնելով, որ «Մելի» հետ կապված այլանդակությունը հաջողությամբ խփշտեց, Շ. Միրզախանյանը 16,5 միլիոնի մասհանումով ոչ միայն գնաց իր հաջորդ «խիզախմանը»՝ տասնամյակից ավելի այդպես էլ գլուխ չեկող «Չնչիկ» կինոնկարի ամբողջացմանը, այլև երկար ժամանակ այդ ֆիլմի լուսանկարներով «պատվեց» կինոկենտրոնի ֆեյսբուքյան էջի դիմապատի գլխադիրը։
Ինչն էր այս կինոնկարում հատկապես գերել Շ. Միրզախանյանի՞ն։
Ակնհայտորեն ոչ միայն կինոկենտրոնում ֆիլմ-հանձնակատարի հորինված պաշտոնի վրա նստեցված Մելիք Կարապետյանի գործոնը, ով նաև «Չնչիկի» պրոդյուսերն էր։ Իրականում տնօրենի ժ/պ-ին կինոնկարում խորապես հուզել էր միայն ի՛ր ուղեղի ծալքերին հասանելի ազգային ու համամարդկային գաղափարների ներթափանցումը։ ՈՒ քանի որ նրա մտքի խոլական թռիչքին ու խորությանը հասնելն անհնար է, ավելի լավ է հենց իրեն էլ լսենք. «Իրականում շատ կարևոր է ֆիլմերում պահպանել ազգայինը, որը համամարդկային արժեք ունի, և մանավանդ լավ է, երբ դրանք արժևորվում են միջազգային կինոփառատոներում, դառնում են եկամտաբեր` մտնելով տեղական և արտասահմանյան կինովարձույթ: ...«Չնչիկ» ֆիլմի հիմքում իրական մի դեպք է, որը պատահել է Հայաստանի գյուղերից մեկում: Երիտասարդ աղջկա հայրը սպանել էր իր դստերը, որը համարձակվել էր առանց օրինական ամուսնանալու հղիանալ: Վախենալով, որ իր ընտանիքը կարող է ադաթով ապրող համագյուղացիների մոտ ծիծաղի արժանանալ, ընտանիքի հայրը գերա-դասել էր առանց ավելորդ աղմուկի «ջնջել» իր դստեր հետքը»:
Ահա ոչ թե բազային, այլ տարրակա՛ն գրագիտության բացակայության պատճառով ազգայինի ու համամարդկայինի մասին հայ կինոյի Շուշոյի ունեցած «իմացության» փայլատակումներն ու խտացումները, որտեղ նրան ոգևորածը հոր կողմից դստերը կացնահարելու փաստն է։ Թուրքի նման։ Հասկանում ե՞ք, թե այս զազրելի, զարհուրելի մասնավոր դեպքով համեմատական ի՛նչ հարթության վրա է փորձում հային կանգնեցնել հայ կինոյի գլխին հայտնված սույն արդեն չեմ էլ կարող ասել, ինչաբարոն ու ի՛նչ գիտակցված դիտավորությամբ է դա բերել կինո։
Ահա՛ ազգի բարոյական, հոգևոր նկարագրի, արժեհամակարգային հասկացությունների մասին Շ. Միրզախանյանի կինոընկալումն ու պատկերացումները, ու սա մենք լռելյայն հանդուրժում ենք։ Հարկավ շատ բաների օրինակով սրան էլ կարելի էր անլրջությամբ մոտենալ՝ մտածելով, որ կյանքում նմա՞ն անուղեղներ ու անուղեղություններ, խենթություններ ու խելագարություններ են լինում, սակայն չմոռանանք, որ խոսքը վերաբերում է հայ կինոյի գլխին հայտնվածին, ու այս թյուրիմացության դեմը ոչ մեկը չի ուզում առնել։
Հիշու՞մ եք՝ ամերիկյան մի ֆիլմ կար խիստ ուշագրավ «Խելակորույս, խելակորույս, խելակորույս աշխարհ» վերնագրով։ Մեր պարագայում տարբերությունն այն է, որ եթե այնտեղ դա կինոնյութի վերածած ընդամենը զավեշտալի պատմություն էր, մեզ մոտ դառն իրականություն է՝ հոգեկան հիվանդների ձեռքով օտարվող հայրենիքի ողբերգության ֆոնին։
Իսկ այդ մոլագարներին ովքե՞ր են սնում, միտք ու գաղափար տալիս։
Բնականաբար գաղափարական թերուսներն ու տհասները։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ